Սիրիայի ուղղությամբ նոր հարվածների վերաբերյալ ծրագրեր չկան. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ կուսումնասիրի հնարավոր տարբերակները, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կրկին քիմիական զենք օգտագործի սեփական ժողովրդի դեմ, բայց այժմ այդ առնչությամբ որևէ ծրագիր չկա: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ջոնսոնը պաշտպանել է վարչապետ Թերեզա Մեյի որոշումը՝ միանալ Սիրիայի ուղղությամբ հարվածներ հասցնելու գործողությանը՝ ասելով, որ դա առաջին բանն էր, որ հարկավոր էր անել հետագայում քիմիական զենքի օգտագործումը կանխելու համար:
«Այժմ սեղանին հետագա հարվածների վերաբերյալ ոչ մի առաջարկ չկա, որովհետև, բարեբախտաբար, Ասադի ռեժիմն այդքան հիմար չէ ևս մի քիմիական հարձակում իրականացնելու համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լույս ապրիլի 14-ին Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։










