«Դա հղի է տարածաշրջանում և աշխարհում լարվածության հետագա սրացմամբ». ՀԱՊԿ Մշտական խորհուրդը հայտարարություն է ընդունել Սիրիայում իրավիճակի առնչությամբ
Լուսանկարը՝ «Սպուտնիկ» գործակալության
Սիրիայի շուրջ իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ երեկ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել: Այդ մասին հայտնում է կազմակերպության կայքը:
ՀԱՊԿ-ը, աջակցություն հայտնելով Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը, դատապարտել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությամբ Սիրիայի տարածքին ապրիլի 14-ին, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի խախտումով, ի հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության և առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության իրականացված ԱՄՆ-ի հրթիռային հարվածները:
«ՀԱՊԿ-ը կարծում է, որ այդ գործողությունները ստեղծում են իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի շուտափույթ վերացման ուղղությամբ ջանքերին և քաղաքական-դիվանագիտական միջոցներով ներսիրիական հակամարտության լուծմանը, հանգեցնում է այդ երկրում մարդասիրական իրավիճակի վատթարացմանը: Դա նաև հղի է տարածաշրջանում և, ընդհանուր առմամբ, աշխարհում լարվածության հետագա սրացմամբ»,- ասված է հայտարարությունում:
ՀԱՊԿ Մշտական խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առավելագույն ջանքեր գործադրել միջազգային խաղաղության և անվտանգության վերականգնման և պաշտպանության ուղղությամբ՝ միջազգային հանրության կողմից իր վրա դրված խնդիրները կատարելու համար:
Կառույցը վստահություն է հայտնել, որ միջազգային իրավունքի սկզբունքներին և գործիքներին հետևելը պահպանում է Սիրիայում ճգնաժամի սրացումը կանխելու հնարավորությունները, որոնք կարող են կանխել սիրիացի ժողովրդի հետագա տառապանքները և ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգին վնաս հացնելը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:
ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լույս ապրիլի 14-ին Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։










