ԱԺ հատուկ նիստը վաղը կանցկացվի ԱԺ-ում. այն, որ ԱԺ հատուկ նիստն ընդդիմությունը կտապալի, Վ. Բաղդասարյանի համար ֆանտաստիկայի ժանրից է

12:33 • 16.04.18

Վահրամ Բաղդասարյանն այսօր հրավիրված ճեպազրույցներին հայտարարեց, թե չի կարծում, որ վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունները կարող են ընդդիմադիրների գործողություններով խաթարվել:

«Մենք մեր բնական գործընթացը պետք շարունակենք։ Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում, հատուկ նիստը կկայանա, և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը»,- ասաց  Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին, թե բողոքի մասնակիցների նպատակը վաղը ԱԺ շենքի մուտքերն  արգելափակելն է, ի՞նչ մարտավարություն ունի իշխանությունը, ինչպես պետք է մուտք գործեն պատգամավորները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց` ինչպես բոլոր օրերին: «Մեր աշխատանքային ժամին պետք է գանք ԱԺ, մեր պատկան մարմիների խնդիրն է ապահովել մեր մուտքը»,-ասաց նա և նշեց, որ եթե ցուցարարները հայտնվեն իրենց ճանապարհին, ապա ինքը կժպտա, կբացատրի և մուտք կգործի:

«Իրենք են կոչ անում, որ բռնություն չլինի, խաղաղ երթ, խաղաղ ցույց, ուստի ինչպես մենք, այնպես էլ մյուսները հանգիստ կմտնեն շենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության նպատակներին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Իրենց նպատակն է, որ մենք տեղի տանք, և իրենք իշխանության գան ոչ սահմանադրական ճանապարհով»:

Իսկ այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ ընդդիմադիրներին կհաջողվի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետության ընտրությունը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ բացառում է: «Ֆանտաստիկայի ժանրից է, բոլորը կներկայանան ԱԺ, քննարկումները կլինեն նորմալ բարիդրացիական մթնոլորտում, համբերեք 24 ժամ և մնացածնի ականատեսը կլինեք»:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այսօր ժամը 13-ին ՀՀԿ-ի  խորհրդի նիստ է հրավիրվում` կոալիցիայի հետ համատեղ:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ինքը հեշտությամբ է հասել աշխատանքի և ավելացրեց, որ հարգանքով է վերաբերվում խաղաղ երթերին ու ցույցերին։

Պատգամավորը ձեռնպահ մնաց ակցիայի մասնակիցների գործողություններին գնահատականներ տալուց, նշելով, որ դա պատկան մարմինների գործն է։ «Սա քաղաքական պրոցես է։ Ժողովրդավարության հաստատման ձև, որ յուրաքանչյուր անհատ իր ազատ խոսքի ձայնը կարող է ունենալ, և մենք հարգանքով ենք վերաբերվում»։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ Ծաղկաձորում, և արդյո՞ք հանրապետականներն անհանգստացած էին Փաշինյանի հայտարարություններից ու կարծում էին, որ ընդդիմությունն իսկապես կարող էր շրջափակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը՝ Բաղդասարյանը նշեց, որ իրենք տարին մեկ անգամ խորհրդի արտագնա նիստ են ունենում, և քանի որ խորհրդի անդամները 250 հոգուց ավելի են, նրանց ընդարձակ վայր էր պետք նիստն անցկացնելու համար։

«Նույն հաջողությամբ ընդդիմությունը կարող էր շրջափակել Ծաղկաձորի շենքը։ Եթե երկու հայ բան են պայմանավորվում, ինչպե՞ս կարող են մյուսները չիմանալ։ Մենք գաղտնիք չենք պահել և հայտարարել ենք այդ մասին։ Ժամը նույնպես ֆիքսել ենք», -հավելեց նա։

Հարցին, թե ե՞րբ հայտնի կլինի Կառավարության կազմը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ երբ կընտրվի կառավարության ղեկավարը, փոփոխությունները կլինեն:

«Դեռևս ընտրված չէ»,-ասաց նա և նշեց, որ Կարեն Կարապետյանը և ամբողջ կառավարությունն այսօր պաշտոնակատար են և Սահմանադրության լիազորության շրջանակում իրականացնում են իրենց աշխատանքը: