Ընձառյուծը Նամիբիայում հարձակվել է գերմանացի զբոսաշրջիկների վրա
Նամիբիայում ընձառյուծը հարձակվել է երկու գերմանացի զբոսաշրջիկի վրա և չանչով հարված է հասցրել տղամարդու գլխին: Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:
Հաղորդվում է, որ գիշատիչը պատուհանից ցատկել է զբոսաշրջիկների բեռնատարի մեջ, չանչով բռնել է 61-ամյա տղամարդու գլխից և փորձել է դուրս հանել նրան այնտեղից: Գիշատիչի և տղամարդու միջև դաժան պայքարը շարունակվել է 4 րոպե, քանի դեռ զբոսաշրջիկը մատը չեր մխրճել կենդանու աչքի մեջ: Այդ ողջ ընթացքում գերմանացու 60-ամյա ուղեկցորդուհին պահել է վերջինիս ոտքերից՝ թույլ չտալով, որ ընձառյուծը տանի նրան:
Պարբերականի տվյալներով՝ հենց կենդանին բաց է թողել տղամարդուն, կինը փորձել է կապվել փրկարարների հետ, սակայն հեռախոսի կապը չի աշխատել: Տղամարդը վնասվածքներ է ստացել պարանոցին, գլխին, ուսերին: Իսկ գիշատիչը այդ ընթացքում շարունակում էր պտտվել բեռնատարի շուրջ:
Գերմանացի զույգին փրկել են մոտակայքով անցնող զբոսաշրջիկները, որոնք էլ նրանց հիվանդանոց են տարել: Տուժածին անհապաղ վիրահատություն են արել: Ներկա պահին նա ծանր, բայց կայուն վիճակում է:












