Խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների. ՀՀ ոստիկանություն

10:59 • 16.04.18

Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ։ 

«ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ: 

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»,–ասվում է ոստիկանության հայտարարությունում։