Իմ թեկնածությունը հաստատվելու դեպքում պատրաստվում եմ շատ ժամանակ հատկացնել իմ կուտակած փորձը փոխանցելու համար. Սերժ Սարգսյան

12:17 • 16.04.18

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին իմ թեկնածության հաստատվելու դեպքում մեծ ժամանակ եմ պատրաստվում հատկացնել տարբեր պաշտոններին երկար տարիների ընթացքում իմ կուտակած փորձը փոխանցելու համար, «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իմ կուսակցական գործընկերները համապատասխան կուսակցական մարմինների նիստերին պաշտպանել են Կարեն Կարապետյանի առաջարկը, և ես պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն: Բայց ոչինչ հավերժ չի լինում: Այդ պատճառով իմ պարտավորությունների հետ մեկտեղ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, շատ մեծ ժամանակ եմ պատրաստվում հատկացնել տարբեր պաշտոններին երկար տարիների ընթացքում իմ կուտակած փորձը փոխանցելու համար: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան ինչպես հանրապետականների շրջանում, այնպես էլ կուսակցությունից դուրս: Մեզ մեծ և Հայաստանի համար օգտակար աշխատանք է սպասվում»,- ասել է նա։ 

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանում տեղի չի ունենում իշխանության փոփոխություն, այլ փոխվում է կառավարման մոդելը: «Մինչև 2022 թվականը և արտաքին, և ներքին քաղաքականությունը հիմնականում իրականացնելու է խորհրդարանական կոալիցիան: Այժմ ոչ մեկ չի կարող փոխել քաղաքական կուրսը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախկին նախագահը նշել է, որ կառավարման խորհրդարանական մոդելի անցումից արտաքին աշխարհի հետ հարաբերությունները չեն փոխվի: «Ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա ցանկանա: Բացի այդ կարևոր է, որ արտգործնախարարն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է վարչապետից ստացած հրահանգներով»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ կիսանախագահական կառավարման մոդելը մեծ վտանգներ էր պարունակում, քանի որ այն հավասարակաշռված չէր: «Ստացվում էր այնպես, որ նախագահը մեծ իրավական պատասխանատվություն էր կրում ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման և այլ հարցերի համար, բայց չուներ համապատասխան լիազորությունները, որպեսզի լիարժեքորեն իրականացներ Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները»,- ասել է նա:

Նա հավելել է, որ կառավարման նախագահական մոդելին վերադարձը դրականորեն չէր ընդունվի հասարակությունում:

«Կառավարման նախագահական համակարգին վերադարձը դրականորեն չէր ընդունվի մեր հասարակությունում: Չէ՞ որ 2008 թվականի նախագահի ընտրությունները հարթ չեն անցել: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման մոդելը խորհրդարանականի: Գնալով այդ առաջարկներին ընդառաջ՝ մենք որոշեցինք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այժմ ունի խորհրդարանի ուժեղ օրենսդրական իշխանություն, որի դիմաց կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում: Կարծում եմ, որ կառավարման այդ ձևն այլևս չի համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը: