Մոսկվայի կինոփառատոնում կցուցադրվի ռուս ռեժիսորի «Սպիտակ» ֆիլմը՝ նվիրված 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին
Մոսկվայի 40-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, որն անցկացվելու է ապրիլի 19-26-ը, կներկայացվեն սկսնակ և անվանի ռեժիսորների կինոնկարները:
Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, այդ մրցութային ծրագրում կցուցադրվի նաև ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը նվիրված է 1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 30-ամյա տարելիցին:
«Խուճապ, հուսահատություն, քաջություն և հերոսություն. ֆիլմն այս զգացմունքների մասին է, ոչ թե երկրաշարժի և ոչ էլ աղետի ճիրաններում հայտնված մարդկանց մասին: Սա ֆիլմ-ռեքվիեմ է»,- ասել է ռուս ռեժիսորը:
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է գլխավոր հերոսի՝ Գոռի և իր ընտանիքի փոխհարաբերությունների պատմությունը: Գոռն ապրում է Մոսկվայում և Հայաստանում բնակվող ընտանիքի հետ շփումը սահմանափակում է միայն դրամական փոխանցումներ անելով: Տարերային աղետը կործանում է գլխավոր հերոսի տունն ու նրա ողջ կյանքը:










