Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության մեջ. ռուս փորձագետ
Ռուսաստանը չպետք է Հայաստանում քաղաքացիական դիմակայությունում աջակցի այս կամ այն կողմին և շահագրգռված է նրանց միջև սահմանադրական երկխոսություն հաստատելու մեջ: ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Կոնստանտին Տասիցը:
«Նախ և առաջ, դա ներքին դիմակայություն է, հասարակության երկու տարբեր հատվածների միջև դիմադրություն: Ռուսաստանը չպետք է պաշտպանի այս կամ այն կողմին, Մոսկվան շահագրգռված է ընթացիկ իրավիճակի սահմանադրական և խաղաղ կարգավորմամբ: Ռուսաստանը նաև պետք է նպաստի կոնֆլիկտի երկու կողմերի միջև փոխհամաձայնության ձեռքբերմանը, որպեսզի նրանք երկխոսություն պահպանեն և վերադառնան սահմանադրական ճանապարհին: Մեզ համար կարևոր է պահպանել կայունությունը մեր սահմաններին, առավել ևս ներկայիս միջազգային անկայուն իրավիճակում»,- ասել է փորձագետը:
Փորձագետը նշել է, որ Երևանում իրավիճակը վատթարանում է:
«Բողոքի ցույցերի մասնակիցների և Հայաստանի իշխանությունների միջև դիմակայությունը շարունակվում է, գլխավոր վտանգը բռնության սրացումն է: Ե՛վ իշխանությունները, և՛ ցուցարարները պետք է փորձեն խուսափել զոհերից, մասշտաբային բախումներից, որոնք կարող են դառնալ անկարգությունների շարունակման առանցքային կատալիզատոր: Եթե այդ սցենարից հաջողվի շեղվել, թույլ չտալ մաստշաբային էսկալացիա, ապա իրավիճակն ըստ երևույթին աստիճանաբար կկարգավորվի»,- ասել է նա:










