77 կողմ և 17 դեմ ձայներով Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ. կողմ քվեարկեցին ՀՀԿ–ը, ՀՅԴ–ը և «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավոր
ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել ոչ միայն իշխող ՀՀԿ-ուն ու կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, այլև «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ, այդ թվում` Նապոլեոն Ազիզյանը, Արգամ Աբրահամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Մադաթյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյանը, Վարդան Բոստանջյանը, Իշխան Զաքարյանը, Կարինե Պողոսյանը:
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ներկա չեն եղել քվեարկությանը:
Դեմ են քվեարկել «Ելք» խմբակցությունը և «Ծառուկյան» խմբակցության մյուս պատգամավորները:
Հատուկ նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել էր, որ ունի պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ է այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։
Վարչապետի թեկնածությանը դեմ քվեարկելու մասին այսօր «Ելք» խմբակցության անունից հայտարարել էր խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը։ «Երկիրը հիմա հանդարտ վիճակում չէ, և դա բոլորի խնդիրն է, մենք պետք է բոլորով գտնենք հանգուցալուծում, չի կարելի այս շենում կազմակերպել հաջորդ լսումները զոհերի, վիրավորների մասին, չպետք է ունենանք այդպիսի վիճակ, իսկ թիվ մեկ պատասխանատուն՝ դուք եք իշխանություններդ՝ Սերժ Ազատի Սարգսյանի գլխավորությամբ, որին մենք դեմ ենք քվեարկելու»,-ասել էր նա:
«Ծառուկյան» խմբակցության անունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ իրենց պատգամավորները կքվեարկեն ազատ` խղճի մտոք։ Նա նշել էր, որ դեմ են իշխանության տարվող այն քաղաքականությանը և խորհուրդ էր տվել գտնել «աշխատելու բանաձևը», քանի որ եղածը չի աշխատում:
Ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը` Միքայել Մելքումյանն ասել էր. «Մենք խմբակցությունում որոշել ենք` կթողնենք յուրաքանչյուրի խղճին և գաղափարին, այսինքն՝ քվեարկելու ենք ազատ ռեժիմով»։
ՀՅԴ անունից խոսելով` խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, որ խորհրդարանական համակարգը հնարավորություն է ընձեռնում սկսած բարեփոխումները կյանքի կոչել:
Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ։ Այս խմբակցությունները երեկ նիստ էին գումարել, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնում միաձայն առաջադրվել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Ավելի վաղ` ապրիլի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ էր անցկացրել Ծաղկաձորում, որտեղ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ կուսակցությունը որոշել էր ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Մինչ քվեարկության կդրվեր վարչապետի ընտրության հարցը, վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է փողոցներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնք գլխավորում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։










