G7-ի երկրները կոչ են արել Ռուսաստանին «Սկրիպալի գործով» շտապ պատասխանել հարցերին

10:18 • 17.04.18

«Մեծ յոթյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են արել Ռուսաստանին պատասխանել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Համապատասխան հայտարարությունը տարածել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Մեծ յոթյակը» պաշտպանել է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ:

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի շարունակվող փորձերը՝ մերժել բրիտանական կառավարության օրինական հարցումները, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական կողմի պատասխանատվությունը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ պատասխանել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետ կապված բոլոր հարցերին»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել: 

Նշենք, որ Յուլյա Սկրիպալն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ նրա հոր առողջական վիճակն աստիճանաբար բարելավվում է։