Մենք պարոն Սարգսյանին ընտրում ենք վարչապետ` հսկայական խնդիրների այս բեռով ու պատասխանատվությամբ. Ա. Վարդանյան (տեսանյութ)

15:32 • 17.04.18

ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում  է ՀՀ վարչապետի ընտրության հարցը, շարունակվում է: ԱԺ «Հայ Հեղափոխական դաշնակցություն»  խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը  հայտարարեց, թե անցյալի, արվածի մասին չի խոսելու՝ հույսով, որ արվածի ու չարվածի գնահատականը տալու են պատմությունն ու ժամանակը: Փոխարենը` նա կխոսքի այն խնդրիրների մասին, որոնք, ըստ նրա, ծանրացած են ՀՀ պետականության առաջ:

«Առաջիկա տարիներին կատարվելիքի հիմքում 3 հիմնարար փաստաթղթեր են՝ նոր Սահմանադրությունը՝ իր համակարգային փոփոխություններով, այս գումարման առաջին նիստում ՀՀ նախագահի ելույթը, ՀՀԿ ու ՀՅԴ-ի 2 համաձայնագրերը, որոնց համաձայն՝ համատեղ պատասխանատվություն ենք ստանձնում երկրում որակական ու արմատական բարեփոխումներ կատարելու»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանի ձևակերպմամբ` նոր Սահմանադրության տրամաբանությունից է բխում, որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկի ձեռքում, իսկ երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանություն-ընդդիմություն երկբևեռ քաղաքական դասական համակարգը: Վարդանյանի կարծիքով` ՀՀ-ում պայքարի 2 ճակատ կա՝ արտաքին և ներքին թշնամիներ: Նա կարևորում է նաև Հայաստանում ներքին թշնամու դեմ պայքարը:

«Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին, այն մտածողություն և որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորն անարդարությունն է, որը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որ հյուծում ու թուլացանում է պետությունը՝ թուլացնելով նաև պետության հանդեպ սերը: Մենք այսօր պայքարի ևս մեկ ճակատ ունենք, որտեղ  հաղթանակը ոչ պակաս կարևոր է՝ մենք պատերազմի նոր փուլ են հայտարարում անարդարությունը, իսկ պետությունը շարունակում է անհատի մեջ արմատավորել կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականությունը: «Ազնվություն + պրոֆեսիոնալիզմ - կոռուպցիա»  սա է ցանկալի հաջողության բանաձևը»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը շեշտեց՝ «մեծամասնություն» դեռևս չի նշանակում բոլոր հարցերում  իմանալ լուծումները: Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունն ու փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներ են, այլ մեր պետության առջև ծանրացած խնդիրների լուծման համար տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ են: Վարդանյանը նկատեց, որ իր ելույթի  հիմնական մասը մեջբերված է Սերժ Սարգսյանի նախկին ելույթից, որը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը հստակ պատկերացում ունի երկրի առջև կանգնած մարտահրավերներից:

«Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է: Մենք պարոն Սարգսյանին ընտրում ենք վարչապետ` հսկայական խնդիրների այս բեռով ու պատասխանատվությամբ, նաև մեջբերումներով, վստահ, որ ինքն ամենից լավ է պատկերացնում մարտահրավերներն  ու տեսնում անցնելիք  ճանապարհները: Այս ընտրությամբ մենք բացառում ենք ստվերային կառավարությունը»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը: