Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը. Human Rights Watch

08:58 • 18.04.18

«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զրագացումներին և բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաև այս անգամ:

Այդ պատճառով մենք չափազանց մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը:

Այսօր առավոտյան Human Rights Watch-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով ՀՀ իշխանություններին ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների՝ անհամաչափ ուժի կիրառման անցյալը:

Մենք տիրապետում ենք Հաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բոլոր մանրամասներին և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները:

Մենք արդեն արձանագրել ենք, որ երեկ (ապրիլի 16-ին – Tert.am) ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների ուղղությամբ: Իրավապահ մարմինները պետք է զերծ նման նռնակների օգտագործումից: Թեև դրանք որպես այդպիսին ոչ մահաբեր ազդեցության նռնակներ են, դրանք է կարող են լուրջ վնաս հասցնել և լուրջ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար»,- Skype-ի միջոցով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված իր հարցազրույցի ընթացքում նշել է Գիորգի Գոգիան: