Նեթանյահուն Թրամփի հետ համաձայնեցրել է սիրիական ավիաբազայի դեմ ապրիլի 9-ի հարձակումը. The Wall Street Journal
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը և միայն դրանից հետո է ապրիլի 9-ին հրաման տվել հարված հասցնել Հոմս շրջանում սիրիական ավիաբազային: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրների:
Պարբերականի տվյալներով՝ Նեթանյահուն հարձակման հրաման է տվել անմիջապես այն բանից հետո, երբ սիրիական բազա է ժամանել իրանական ՀՕՊ մարտկոցը: Նշվում է, որ այն ոչնչացվել է մինչև այն մարտական պատրաստության բերելը: Աղբյուրները նաև հայտնել են, որ իսրայելական ինքնաթիռները ոչնչացրել են պահեստը, որտեղ իրանական անօդաչու սարքեր են եղել:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 9-ին սիրիական Տիֆոր աերոդրոմին ավիահարվածը հասցրել է Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-15 կործանիչ: Իսրայելի իշխանությունները հետագայում հրաժարվել են մեկնաբանել այդ հարձակումը:










