Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնի գործողություններից. ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը երևանյան իրադարձություններին

09:26 • 18.04.18

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը, Պետքարտուղարության արձագանքի մեջ մասնավորապես նշված է. 

«Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին: 

«Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:

Հիշեցնենք, որ Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին անդրադարձել էր նաև «Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ «չափազանց մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը»: 

«Մենք տիրապետում ենք Հաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բոլոր մանրամասներին և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները: Մենք արդեն արձանագրել ենք, որ երեկ (ապրիլի 16-ին – Tert.am) ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների ուղղությամբ: Իրավապահ մարմինները պետք է զերծ նման նռնակների օգտագործումից: Թեև դրանք որպես այդպիսին ոչ մահաբեր ազդեցության նռնակներ են, դրանք է կարող են լուրջ վնաս հասցնել և լուրջ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար»,– «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված իր հարցազրույցի ընթացքում նշել էր Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան: