Գիլյերմո դել Տորոն վերականգնում է համագործակցությունը Dreamworks-ի հետ՝ նոր մուլտֆիլմեր ստեղծելու համար
Օսկարակիր ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն նոր պայմանագիր է կնքել DreamWorks անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ զբաղվող խմբի հետ:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, մեքսիկացի կինոռեժիսորը վերականգնում է իր երկարամյա համագործակցությունը DreamWorks-ի հետ, որի շրջանակներում նախկինում նկարահանվել են «Քունգ ֆու Պանդա 3», «Կոշկավոր կատուն», «Քնի պահապանները» և այլ մուլտֆիլմեր:
«Անիմացիան արվեստի տեսակ է, որն զգալիորեն ազդել է իմ կատարած աշխատանքի վրա դեռևս մանկուց: Ինձ համար դա կատարյալ միջոց է կյանքի կոչելու ցանկացած և բոլոր գաղափարները, կարևոր չէ, թե որքան տարօրինակ կամ վայրի: Ես աշխատել եմ DreamWorks-ի հետ մեկ տասնամյակ, և հորիզոնը գնալով ընդլայնվում է», - ասել է ռեժիսորը:
Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դել Տորոն պարգևատրվել է «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեսժիսոր» անվանակարգերում:










