Սխալվում էինք, հնարավոր եղավ ժողովրդին մոբիլիզացնել. ՀԱԿ փոխնախագահները մասնակցեցին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին
Հանրապետության հրապարակում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրած հանրահավաքին մասնակցել են Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը՝ փոխնախագահներ Արամ Մանուկյանի և Լևոն Զուրաբյյանի գլխավորությամբ:
Հարցին` եթե ներկա եք, արդյոք միանո՞ւմ եք շարժմանը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց.«Ում ասես կարելի է այդ հարցը տալ, բայց ոչ ՀԱԿ-ին: Բացատրեմ, թե ինչու: Այս շարժումը ինչի՞ դեմ է պայքարում, պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության երրորդ ժամկետ դեմ: Մենք դրա դեմ պայքարում էինք սահմանադրական փոփոխությունների ժամանակ՝ 2015թ.-ի հանրաքվեին: Մենք այդ կռվի մեջ վաղուց ենք: Վա՞տ է, որ նաև Նիկոլ Փաշինյանն է միացել այդ պայքարին, որ հազարավոր ցուցարարներ են միացել…»,- Ազատության եթերում ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ իրենք պայքարի մեջ են եղել և պայքարի մեջ են: «Երբ մենք էինք կազմակերպում որևէ հանրահավաք, երթ, դա մեր կազմակերպածն էր: Մենք որ այստեղ ենք, մենք չենք հավակնում առաջնորդել այս պայքարը, մենք եկել ենք ժողովրդի հետ կանգնենք, զրուցենք»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նա ասաց, որ ինքը ընդունում է իր սխալը, որ հայտարարել է, թե հնարավոր չէ այլևս մարդկանց համախմբել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գաղափարի շուրջ: «Ասել եմ, որ սահմանադրական հանրաքվեն կեղծելուց ու ԱԺ ընտրությունները կեղծելուց հետո ժողովուրդն այնպիսի անտարբերության մեջ է, որ այս պրոցեսով մարդկանց մոբիլիզացնել հնարավոր չէ: Սխալվում էինք, այո, հնարավոր եղավ»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը:










