Թաիլանդում Գերմանիայի քաղաքացու են ձերբակալել՝ ինքնաթիռի պայթեցման սպառնալիքի համար

17:10 • 20.04.18

Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի քաղաքացու. նա ինքնաթիռ նստելիս հայտարարել էր իր ուղեբեռում ինքնաշեն ռումբի առկայության մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով թաիլանդական լրատվամիջոցները:

Ուղևորը հայտարարել է ռումբի առկայության մասին Nok Air բյուջետային ավիաընկերության չվերթը նստելուց առաջ, որը Թաիլանդի հյուսիս-արևելյան Լեյ շրջանի մայրաքաղաքից ուղևորվում էր Բանգկոկ:

Ուղևորի հայտարարությունից հետո ինքնաթիռ բեռնված ամբողջ ուղեբեռը հանվել է և ստուգվել, սակայն պայթուցիկներ չեն հայտնաբերվել, ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ գերմանացի ուղևորը խոստովանել է, որ կատակել է ռումբի մասին, քանի որ վրդովված էր երկու ժամ տևած չվերթի ուշացման պատճառով: