Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին միջուկային գործարքից հրաժարվելու դեպքում «տհաճ հետևանքների» մասին
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից, Թեհրանը կարող է մի շարք միջոցներ ձեռնարկել, որոնք հաճելի չեն լինի Վաշինգտոնի համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Խոսելով գործարքից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարվելու մասին՝ Զարիֆը նշել է, որ եթե դա տեղի ունենա, Իրանը կգործի՝ ելնելով սեփական շահերից:
«Միանշանակ քայլերը, որոնք կկիրառի իսլամական հանրապետությունը, և միջազգային հանրության արձագանքը շատ տհաճ կլինեն ամերիկացիների համար»,- ասել է նախարարը՝ ժամանելով Նյու Յորք, որտեղ մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին:
Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը: Թրամփը նախկինում հայտարարել է, որ Սպիտակ տունը կաշխատի Կոնգրեսի հետ 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի հետ կնքված միջազգային համաձայնագրի «լուրջ թերությունների» վրա: Նա նշել է, որ եթե համաձայնագրի «բարելավման» ամերիկյան ջանքերը տապալվեն՝ ԱՄՆ-ն դուրս կգա դրանից:
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագիրն անհաջող է ու չի բխում Միացյալ Նահանգների շահերից:










