Վեց երկիր պատրաստ է իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ առնվազն վեց երկիր լուրջ բանակցություններ է վարել Իսրայելի իշխանությունների հետ՝ իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու համար, գրում է Times of Israel-ը:
«Ես ուրախ եմ հայտնել, որ առնվազն վեց երկիր լուրջ խոսել է մեզ հետ իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու մասին: Շնորհակալ ենք ձեզ, Գվատեմալա, որ արել եք դա: Ձեր քայլին կհետևեն ուրիշները»,- նշել է վարչապետը՝ Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառմանը հանդես գալով օտարերկրյա դիվանագետների առաջ:
Թե որ երկրներն են քննարկել Իսրայելի իշխանությունների հետ այդ հարցը՝ նա չի նշել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին և փաստաթուղթ է ստորագրել Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատունը տեղափոխելու մասին: Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը հայտարարել է, որ Գվատեմալան կհետևի ԱՄՆ-ի օրինակին և Իսրայելում իր դեսպանությունը կտեղափոխի Երուսաղեմ։










