2018թ.-ը պետք է ստեղծի հնարավորություններ թոշակների բարձրացման համար. Խ. Հարությունյանը՝ վարչապետի հայտարարության մասին

21:18 • 20.04.18

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վարչապետ Սերժ Սարգսյանի՝ թոշակների բարձրացման մասին հայտարարության և նախկին կառավարության հայտարարությունների մեջ հակադրություն չի տեսնում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե նախորդ Կառավարությունը չի հայտարարել, որ առաջիկա մի քանի տարիներին թոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի լինի: Նրա խոսքով՝ կառավարությունն ասել է, որ 2018թ.-ն պետք է լինի հնարավորություններ ստեղծելու տարի:

«Հայտարարվել է, որ որպեսզի մենք կարողանանք տևական ժամանակ, առանց արտաքին պարտքի վրա հույս դնելու, սեփական հզորությունների, կարողությունների միջոցով ապահովել սոցիալական խնդիրների, պարտավորությունների կատարում՝ աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացում, մեզ հարկավոր է, որ 2018թ.-ն օգտագործվի, որ նման հնարավորություններ ստեղծվեն: Բյուջետային քննարկումների ժամանակ արձանագրել ենք այս մոտեցումը, որ 2018թ.-ի ընթացքում օգտագործվեն ներդրումային կարողությունները, հարկունակ ոլորտներում ձևավորենք այնպիսի իրավիճակ, որ նպաստավոր պայմաններ ստեղծվեն հարկային եկամուտների ավելացման, այս ճանապարհով աշխատավարձների և կենսաթոշակների բարձրացման համար: Սա ընդհանուր մարտավարությունն է»,- ասաց նա:

Հարությունյանը նկատեց, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում, որն ընդգրկում է 2018-2019 թթ.-երը, արձանագրված է, որ կառավարությունը զերծ կմնա սոցիալական նպատակներով արտաքին պարտքը մեծացնելու քաղաքականությունից, որը նախկինում ՀՀ-ն արել է, և արտաքին պարտքը կօգտագործվի կապիտալ ներդրումների, այսինքն՝ կապիտալ ծախսերի առաջանցիկ կատարման ուղղությամբ, և դրանով իսկ հարկունակ ոլորտներում իրավիճակ կբարելավվի, որի արդյունքում հարկային եկամուտները կավելանան: Խոսրով Հարությունյանը ենթադրում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը խոսել է այս տրամաբանությունից ելնելով:

Հարցին՝ հնարավոր կլինի՞ 7.5% տոկոս տնտեսական աճի համեմատ 5% աճ ապահովել, չէ՞ որ 2017թ.-ին հաջողվեց գրանցել 7.5%, որովհետև 2016-ին աճը 0.2% էր, Հարությունյանը պատասխանեց, թե ինքը համակարծիք է դիտարկման հետ, բայց ուշադրություն հրավիրեց ՀՆԱ-ի կառուցվածքի վրա: Նախկին վարչապետը շեշտեց, որ հիմա շինարարության ոլորտում աճ կա, իսկ նախկինում անկում էր, ավելին՝ 5 տոկոսի դրական աճ է նախատեսվել նաև գյուղատնտեսության ոլորտում: Ըստ Հարությունյանի՝ կառուցվածքային փոփոխությունները ստեղծու են նախադրյալներ, որ 7.5% աճի պարագայում էլ  կարողանանք ապահովել միջինը 5- 5.5 % աճ:

«Համամիտ եմ, որ եթե 2016թ.-ին ունեինք 0.2% աճ, ապա 7.5%-ի համար բազա կար: Այո, անհամեմատ ավելի դժվար է լինելու 2018թ.-ի աճը: 2018թ.-ի բյուջետային քննարկումների ժամանակ ես հայտարարել եմ, որ բյուջեն ռիսկային է, և այն շատ դժվար է լինելու կատարել: Հիմա էլ եմ մնում այդ կարծիքին, շատ դժվար է լինելու այս բյուջեն կատարել, եթե դրան ավելացնեք, որ շարունակվում է տարբեր ոլորտներին արտոնություն տալու ձգտումը, իսկ դա մեր բյուջեն վնասում է: 400 մլրդ դրամի արտոնություններ ունենք, այսինք՝ այդքան եկամուտ պետք է գար բյուջե, բայց մենք թողում ենք տեղում: Հիմա հարց է առաջանում՝ այդ 400 մլրդ դրամն ի՞նչ արդյունք է տալիս, արդյոք կա՞ վերլուծություն, թե տրվող արտոնությունները տնտեսության համար ինչ նշանակություն ունեն, միգուցե այն ոլորտներինն է, որոնք տնտեսությանը էական աճ չեն բերում: Վարչապետ Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ հիմքեր կունենանք նաև անդրադառնալու սոցիալական պարտավորությունների կատարմանը նկատի ունի, 2018 թվականի պլանավորված քաղաքականության իրականցման դեպքում այդ հիմքը կունենանք»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Դիտարկմանը, որ վարչապետ Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ շաբաթների ընթացքում եկամտահարկը կնվազեցվի, այդ դեպքում ինչո՞ւ են վերջին շրջանում այս ոլորտում հաճախակի փոփոխություններ կատարվում, Խոսրով Հարությունյանն արձագանքեց՝ նախ նկատելով, որ եկամտահարկի փոփոխության առաջարկը լինում է պատգամավորների կողմից, և այն կառավարությունը չի անում:

«Ո՞րն է եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, ի՞նչ դրույքաչափ մենք կարող ենք համարել արդյունավետ, որ աշխատուժի աշխատավարձի ոլորտում ստվերի կրճատում լինի: Եթե մենք սահմանենք այնպիսի մի դրույքաչափ, որ գործատուին շահեկան լինի, արդյունավետ քայլ արած կլինենք: Վարչապետ Սարգսյանը, ենթադրում եմ, որ սա է նկատի ունեցել, որ ստեղծվի մի դրույքաչափ, որ գործատուի համար շահեկան լինի աշխատողի ամբողջ աշխատավարձը ցույց տալ»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը: