Լավրովը շանտաժ է համարում Թուրքիայի դեմ C-400-ների գնման համար պատժամիջոցների սահմանման մասին սպառնալիքները
Ռուսաստանը շանտաժ է համարում Թուրքիայի նկատմամբ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի հետ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը:
«Այն, որ պարոն Միթչելը հայտարարել է, որ Անկարան կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, եթե Ռուսաստանից C-400 գնի, շանտաժի փորձ է՝ հաշվի առնելով, որ այդպես կհաջողվի ապահովել ամերիկյան ընկերությունների համար անբարեխիղճ մրցակցություն»,- ասել է Լավրովը:
Նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս հայտարարել է, որ C-400 գնելու մասին որոշումը Թուրքիայի որոշումն է:
«ԱՄՆ-ն՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է նույնպես լսի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտահայտած հավաքական կարծիքին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կաորղ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ կապված Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ։










