ԱՄՆ-ում մոտ 1 միլիարդ դոլար են հատկացրել հիպերձայնային հրթիռի ստեղծման համար
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հիպերձայնային հրթիռի մշակման համար հատկացրել են 928 միլիոն դոլար: Սպառազինություն արտադրող Lockheed Martin ընկերության հետ պայմանագիրը նախատեսում է հեռահար գործողության շառավղով հիպերձայնային զենքի ստեղծում: Այդ մասին հայտնել է Պենտագոնը, հաղորդում է Deutsche Welle-ն:
Հիպերձայնային հրթիռի ստեղծման պատվերն ԱՄՆ-ի արձագանքն է Ռուսաստանում և Չինաստանում նմանատիպ զենքի մշակմանը: Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը «բավական հասուն համակարգ» է ստեղծել մի քանի հազար կիլոմետր գործողության շառավղով հիպերձայնային հրթիռի համար: Ամերիկյան բանակն իր հակաօդային պաշտպանության ներկայիս համակարգով չէր կարողանա որոշել նման հրթիռի մոտեցումը, նշել են գերատեսչությունում:
Հիպերձայնային հրթիռները կարող են շրջանցել գործող ՀՕՊ համակարգերը, քանի որ նրանք կարող են փոխել ուղղությունը թռիչքի ժամանակ:










