Նյու Յորքի իշխանությունները մտադիր են տեղափոխել «Հարձակվող ցուլը» և «Անվախ աղջիկը» արձանները

13:31 • 20.04.18

Նյու Յորքի իշխանությունները մտադիր են փոխել երկու հայտնի բրոնզե արձանների՝ «Հարձակվող ցլի» (Charging Bull) և «Անվախ աղջկա» (Fearless Girl) տեղերը: Այս մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, տեղեկացնում է ТАСС-ը:

Այժմ երկու արձանները գտնվում են իրար դիմաց՝ քաղաքի ֆինանսական թաղամասի Բոուլինգ Գրին պարկի մոտ: «Հարձակվող ցուլը» արձանը հայտնվել է այնտեղ 1989 թվականին: Այն պատկերում է հսկայական ցլի, որը պատրաստ է առաջ նետվել, և խորհրդանշում է շուկայի աճի վրա հույս դնող ֆինանսիստների և ներդրողների լավատեսությունը:

«Անվախ աղջիկը» արձանը տեղադրվել է այնտեղ 2017 թվականի մարտի 7-ին՝ Կանանց միջազգային օրվա նախօրեին, առանց իշխանությունների թույլտվության: Այս արձանը պատկերում է փոքրիկ աղջկա, որը նայում է հարձակման պատրաստ ցլին և խորհրդանշում է դժվարությունների դեմ պայքարելու կանանց ունակությունը:

2017 թվականի մարտին Դե Բլազիոն խոստացել է առնվազն 12 ամսով այնտեղ թողնել «Անվախ աղջկան», որին հավանել են տեղացիները և որը սկսել է գրավել զբոսաշրջիկներին: Հինգշաբթի քաղաքապետն ասել է, որ այն մինչև 2018 թվականի վերջ կտեղափոխվի Նյու Յորքի ֆոնդային բորսայի շինության մոտ:

Քաղաքապետի խոսքով՝ «Անվախ աղջիկը» «քաղաքի կյանքի մի մասը» կլինի:

«Քանդակի տեղափոխությունն այլ վայր կհեշտացնի դրա հասանելիությունն այցելուների համար», - ասել է նա՝ երաշխավորելով, որ «ուղերձն առաջվա պես լսելի կլինի»:

Նշվում է, որ քննարկվում է նաև «Հարձակվող ցլին» Նյու Յորքի ֆոնդային բորսայի շինության մոտ տեղափոխելու հարցը: