Երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով. ՀՀ նախագահը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն անդրադարձել են բողոքի ակցիաներին

16:51 • 20.04.18

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝  Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով և նվիրել Բարձր Բերդի Ավետարանի կրկնօրինակը: Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը նաև ասել է, թե ՝ «քաջածանոթ լինելով Ձեր անձին և երկար տարիների գործունեությանը` լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»:

Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը անդրադարձել են վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Նրանք նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, և երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի և առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ:

Հայոց Հայրապետները ողջունել են Հանրապետության Նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է  ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը: