Պուտինի վարկանիշն ընտրություններից հետո ընկել է

15:24 • 20.04.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ժողովրդի վստահության մակարդակը նախագաhական ընտրություններից մեկ ամիս անց վերջին 5 տարվա համար ռեկորդային անկում է գրանցել՝ 55.3%-ից հասնելով 48.4%-ի:

Ինչպես նշում է vedomosti.ru-ն՝ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնին հղումով, ընտրություններից հետո նախագահի վարկանիշի անկումը բնական գործընթաց է, քանի որ ռուսների մեծ մասն ապաքաղաքականացված է ու քաղաքական թեմաներով է տարվում միայն ընտրական քարոզարշավների կամ արտակարգ դեպքերի ժամանակ:

Միևնույն ժամանակ, կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովն ընդգծել է, որ Պուտինի վարկանիշը շատ արագ է ընկել, ինչը, ըստ մասնագետի, կապված է Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի ու միջազգային հարթակում Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

«Ամեն դեպքում Պուտինի նկատմամբ ժողովրդի վստահության մակարդակը երբեք 45%-ից չի իջել, և դա վկայում է, որ անհանգստանալու առիթ չկա»,-ասել է Ֆյոդորովը՝ նկատելով, որ Պուտինի վարկանիշը բարձրանալու առիթ կունենա: