Իմ նկատմամբ բռնություն է կիրառվել. լրագրող Տիրայր Մուրադյանը հաղորդում կներկայացնի հանցագործության մասին (տեսանյութ)
Երևան-Աբովյան ճանապարհահատվածից ոստիկանության ծառայողները հեռացրել էին լրագրող Տիրայր Մուրադյանին: Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ նա ոստիկանության բաժին չի բերվել:
Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Աբովյան-Երևան ճանապարհին ինքն իրականացրել է իր մասնագիտական գործունեությունը, ցույց է տվել լրագրողի վկայականը, սակայն իր նկատմամբ ուժ է կիրառվել, ինչի մասին հաղորդում կներկայացնի:
«Ինձ նստեցրին ավտոմեքենան ու ասացին՝ քշի: Դա ինչ-որ մեկի անձնական մեքենան էր: Ոստիկանը զանգեց, հարցրեց, թե ինձ ո՞ւր տանի, ասացին՝ Աբովյանի բաժին: Հետո զանգեցին ու ասացին՝ հետ ուղարկեք»,-ասաց Մուրադյանը:
Լրագրողը հայտնեց, որ հարցրել են իր անունն ու ազգանունը և այն լրատվամիջոցը, որտեղ ինքն աշխատում է: Այնուհետև լրագրողը ոստիկաններին ասել է, որ իրեն տեղափոխեն ոստիկանության բաժին, որտեղ ինքը հանցագործության մասին հաղորդում է տալու, սակայն փաստաբանը զանգել է իրեն և հայտնել, որ իրենք հաղորդում կտան, իսկ լրագրողը կարող է շարունակել աշխատել:
«Երբ հայտնեցի, թե ոչ, բաժին մի տարեք, իրենց դուրը չեկավ: Բաժնի մոտ ասացին, որ մեքենայի գազը վերջացել է, տաքսի կանչեցին և ինձ ուղարկեցին հետ»,-ասաց լրագրողը:
Հարցին, թե ի՞նչ հաղորդում է ներկայացնելու, Տիրայր Մուրադյանն ասաց.« Իմ նկատմամբ բռնություն է կիրառվել և խոչընդոտվել է իմ մասնագիտական գործունեության իրականացումը»:










