Թրամփը կոչ է արել Սենատին որքան հնարավոր է շուտ հավանություն տալ Պոմպեոյի թեկնածությանն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

10:45 • 20.04.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր պաշտոնական էջում հայտարարել է, որ երկրի Սենատը պետք է որքան հնարավոր է շուտ հավանություն տա Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Մայք Պոմպեոյի թեկնածությանն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

«Մայք Պոմպեոն նշանավոր մարդ է: Նա առաջինն էր Վեսթ Փոյնթում սովորելու տարիներին իր դասարանում, Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի լավագույն ուսանողներից էր, նա հաջողության է հասել ամեն ինչում, ինչով զբաղվել է: Հարկավոր է, որ Սենատը որքան հնարավոր է շուտ հավանություն տա նրա թեկնածությանը: Նա հրաշալի պետքարտուղար կլինի»,-գրել է Թրամփը:

Ավելի վաղ ամերիկյան The Washington Post պարբերականը հայտնել էր, որ Պոմպեոն հանդիպում է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Ըստ պարբերականի՝ հանդիպումն անցկացվել է երկու երկրների նախագահների սպասվող հանդիպման նախապատրաստության շրջանակում:

Նշվում է, որ հյուսիսկորեացի ղեկավարի հետ գաղտնի քննարկումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Պոմպեոն Թրամփի կողմից առաջադրվեց որպես ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու: