Լրագրողների ներկայությունը «Մարիոթում» նշանակում էր, որ բանակցություն չի լինելու, կլինի դիրքերի ամրապնդում. Արթուր Մարտիրոսյան
Բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետ Արթուր Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:
Բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետը նշել է, որ դիտել է Երևանի «Մարիոթ» հյուրանոցում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի «երկխոսությունը»:
Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, գրել է.
«Հնարավոր է դուրս գալ ուլտիմատումային փակուղուց: Միանշանակ: Նույնիսկ երեք րոպեում է հնարավոր թվարկել ելքի ուղիները: Ըստ էության, բանակցություններ «Մարիոթում» չեղան և չէին կարող լինել:
Որպեսզի դա հասկանալի լինի, բավարար է նայել լուսանկարները. լրատվամիջոցների բարձրախոսները սեղանին էին և լրագրողները՝ լսարանում:
Ամենայն հավանականությամբ, նրանց ներկայությունը պահանջել է Փաշինյանը , որպեսզի չլինի խոսակցություն գաղտնիության մասին կամ ակնարկներ «վաճառվելու» մասին: Սակայն նրանց ներկայությունը նշանակում էր, որ բանակցություն չի լինելու, կլինի դիրքերի ամրապնդում:
Այժմ բանակցություններ հաստատ չեն լինի...
Եթե մինչև առավոտ ես իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հույս ունեի, ապա այժմ չունեմ: Այժմ միայն կարելի է աղոթել Աստծուն, որ արյուն չթափվի»:










