Փորձել եմ ԵԽԽՎ-ում հրատապ դեբատ նախաձեռնել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասով, բայց նախատեսված է նման քննարկումներ անցկացնել այլ հարցերով. է. Մարուքյան (տեսանյութ)

14:49 • 23.04.18

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղ քիչ հետո կմեկնարկի գարնանային նստաշրջանը, լիբերալների ու դեմոկրատների քաղաքական խմբի համար պատգամավոր Էդմոն Մարուքյանը զեկույց է ներկայացրել՝ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

«Տեղեկացրել եմ, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Զուրաբյանը, իշխանության խոսքով, ձերբակալված են, բայց մեր կարծիքով, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն առևանգված է, որովհետև նրա գտնվելու վայրի մասին մեզ ոչինչ չեն տեղեկացրել: Չի կարող մարդը լինել ձերբակալված, որի վայրը մենք չիմանանք»,- ֆեսբուքյան իր էջով հայտարարել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա ասել է, որ փորձել է հրատապ դեբատ նախաձեռնել Հայաստանի հարցի վերաբերյալ, բայց հրատապ դեբատներ են անցկացվելու այլ հարցերով: «Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է, բայց մեր հարցով հրատապ դեբատ չկա, իսկ Սիրիան, որ ԵԽ անդամ չէ, Սիրիայի հարցով կա»,- ասաց Մարուքյանը:

Նա ասաց, որ ՀՀԿ-ական պատգամավորները երեկ Ստրասբուրգում են եղել, բայց այսօր արդեն նիստին չեն մասնակցում, հավանաբար, ըստ Մարուքյանի, երեկոյան վերադարձել են Երևան: