Բողոքի ակցիաները Հայաստանում հասել են վտանգավոր եզրագծի. Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը չկանգնեցրեց բողոքի ակցիաները. ռուսական լրատվամիջոցներ
Երևանում իրավիճակը դուրս է գալիս իշխանությունների վերահսկողությունից, գրում է «Վզգլյադ»-ը:
Հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը «Վզգլյադ»-ի հետ զրույցում նշել է, որ իր կարծիքով՝ իրավիճակը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից:
«Քաղաքում ցուցարարները փակում են փողոցները, մեծ հավաքներ են տեղի ունենում: Ոստիկանությունը պարբերաբար հայտարարում է, որ ուժ կկիրառի փողոցային երթևեկությունը վերականգնելու համար, բայց ի վիճակի չէ դա անել: Տարերային հավաքները շարունակվում են»,- ասել է նա:
«Независимая Газета»-ն, ներկայացնելով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ, ում խոսքով՝ «Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի բանակցությունների տապալումը, ընդդիմադիր գործչի ձերբակալությունը ցույց են տալիս, որ երկու կողմերը վճռական են տրամադրված և չեն պատրաստվում հետ կանգնել»:
«Բանակցություններն ի սկզբանե միտված էին անհաջողության՝ թեկուզ հենց այն պատճառով, որ անց էին կացվում ԶԼՄ-ների ներկայությամբ: Ես անգամ դժվարանում եմ բնութագրել այն, ինչ տեղի ունեցավ հեռուստախցիկների առաջ: Ակնհայտ է, բանակցողներից յուրաքանչյուրը փորձեց հետագա սրացման պատասխանատվությունը դնել հակառակորդի վրա»,- ասել է Զոլյանը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին բողոքի ալիքը մեծ թափ է ստացել:
«Թե կողմերից ով է ճիշտ իրավիճակի իր գնահատականի մեջ՝ մենք, ըստ երևույթին, կիմանանք այսօր-վաղը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, իսկ իշխանությունը կփորձի մինչ այդ ճնշել բողոքի ցույցերը:
«Իշխանությունը կփորձի անել ամեն ինչ՝ իրավիճակն իր լիարժեք վերահսկողության տակ առնելու համար»,- ասել է Միքայել Զոլյանը:
Ընդդիմադիր շարժման առաջնորդներից Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ձերբակալելով Փաշինյանին՝ իշխանություններն իրենց դրել են անելանելի դրության մեջ:
«Նրանք պարզապես չեն պատկերացնում տեղի ունեցող իրադարձությունների մասշտաբները, չեն հասկանում, որ մարդիկ հազարներով կարող են դուրս գալ փողոց և պաշտպանել իրենց իրավունքները, որ առաջնորդների ձերբակալություններով ժողովրդի բողոքը չեն կանգնեցնի»,- ասել է նա:










