Լուկաշենկոն հայերին խորհուրդ է տվել շատ չտարվել և մտածել արդյունքներ ցույց տալու մասին

17:41 • 24.04.18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին, գրում է belta.by-ն:

«Պետք էր ազնիվ վարվել»,- ասել է նա՝ խոսելով խորհրդարանական պետության Հայաստանի անցման մասին: Ինչպես գրում է կայքը, Բելառուսի նախագահը ժամանակին այդ խնդիրը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ և չի թաքցրել իր դիրքորոշումը, որ պետք է ժողովրդի մոտ գնալ ազնիվ և բաց:

«Ինչո՞ւ փոխել Սահմանադրության հիմքերը, մեկ երկիրը հարմարեցնել մեկ անձին»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա նշել է, որ Բելառուսի սահմանադրության փոփոխության հարցը մշտապես քննարկվում է ԶԼՄ-ներում՝ ընդհուպ այն, որ շուտով նշանակվելու է այդ հարցի վերաբերյալ հանրաքվե:

«Ես երբեք անազնիվ չեմ գործել մեր քաղաքացիների նկատմամբ: Ես երբեք դրան չեմ գնա: Ես գիտեմ՝ որտեղից եմ եկել և ինչպես եմ հաղթել նախագահական ընտրություններում: Ես խոստանում եմ՝ երբեք չեմ դրժի իմ երդումը՝ ինչ էլ դրա համար պահանջվի»,- ասել է նա:

Լուկաշենկոն հայ ժողովրդին խորհուրդ է տվել շատ չտարվել:

«Իշխանությունը փոխելը հեշտ է, բայց հետո պետք է արդյունքներ ցույց տալ: Տա Աստված, որ Հայաստանի տաղանդավոր, խելացի ժողովուրդը հաղթահարի այդ իրավիճակը»,- ասել է Բելառուսի նախագահը:


Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, «դա մեզ համար օտար երկիր չէ»: Երկրի նախագահը նշել է, որ կառավարությունը պետք է կապվի հայկական կողմի հետ՝ այն առնչությամբ, թե ինչով կարող է օգնել:

Լուկաշենկոն նշել է, որ տեղի ունեցածի համար մեղավոր են նաև ԵԱՏՄ գործընկերները: Նա հիշեցրել է մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին, երբ Հայաստանի կառավարությունը բարձրացրեց գազի սակագինը:

«Իբր ելք չկար՝ բարձրացրին էներգառեսուրսների գները, իսկ հետո ստիպված էին հետ կանգնել: Ինչ, դա մեզնի՞ց չէր կախված: Ռուսաստանի՞ց չէր կախված: Եվ այսպես մեզ առանձին-առանձին կվերացնեն: Եվ լավագույն դեպքում դուրս կհանեն այս միությունից»,- ասել է Բելառուսի նախագահը: