Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամը անսպասելիորեն արագ լուծվեց. ռուս վերլուծաբանները մեկնաբանել են Հայաստանի իրադարձությունները

18:28 • 24.04.18

Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամը անսպասելիորեն արագ լուծվեց, ըստ երևույթին, իշխող էլիտայի ներսում պատրաստակամություն չեն ցուցաբերել իրավիճակի սրման և ուժային սցենարի կիրառման առնչությամբ, գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը carnegie.ru կայքում:

Լեռնային Ղարաբաղի շփման գծում սրման ֆոնին Երևանում արյունալի ելքը լավագույն հեռանկարը չէր: Այդ պայմաններում՝ Սերժ Սարգսյանի մեջ հայը գերակայել է բարձրաստիճան պաշտոնյային, գրում է Մարկեդոնովը՝ նշելով, որ ընտրություն կատարելով ուժային գործողությունների և հեռանալու միջև՝ նախընտրությունը տրվել է երկրորդ տարբերակին:

Մարկեդոնովի կարծիքով՝ Սերժ Սարգսյանին կհիշեն որպես նախադեպ ստեղծած քաղաքական գործիչ: Նա երկրի առաջին առաջնորդն է, ով հեռացել է իր պաշտոնից զանգվածային ակցիաների ճնշման տակ: Վերլուծաբանի խոսքերով՝ նման ելքի վրա նաև իր դրական դերն է խաղացել Կրեմլի անսովոր և ոչ տիպիկ դիրքորոշումը. Կրեմլը Հայաստանում զարգացող իրադարձությունների վերաբերյալ չի խոսել Կովկասում մայդանի մասին:

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը rusarminfo.ru-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի գլխավոր խնդիրները միայն սկսվում են, քանի որ այն իրավական դաշտը, որը Սերժ Սարգսյանը կառուցել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու առնչությամբ, ստեղծված իրավիճակում կոտրվել է:

Ռուս քաղաքագետի խոսքերով՝ չնայած տարբեր գնահատականներին՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնին իր գործունեության տարիներին շարժվել է ժողովրդավարական ուղղությամբ:

«Պարզ է, որ նա իդեալական չէր և շատ սխալներ է գործել: Բայց ոչ որպես անձ, այլ որպես քաղաքական գործիչ նա Հայաստանի համար բավականաչափ բան է արել: Նա պահպանել է քաղաքական հավասարակշռությունը, ապահովել է բարդ միջազգային իրավիճակում Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը»,- ասել է նա: