Ասադը հանդիպում է ունեցել Բերիո Հայոց թեմի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

14:23 • 24.04.18

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ու առաջին տիկին Ասմա ալ Ասադը նախօրեին ընդունել են Բերիո Հայոց թեմի մի շարք ներկայացուցիչների՝ թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ: Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև սիրիահայ մի շարք հայրենակցական միությունների ղեկավարներ, գրում է Բերիո թեմի պաշտոնաթերթ «Գանձասար»-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ասադը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ պետք է հանդիպում ունենա Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ խոսվել է սիրիական ճգնաժամի անցած տարիներին ու նաև հետագայում՝ Սիրիայի ամբողջական վերականգման ճանապարհին հայ համայնքի կարևոր դերի մասին:

«Հայրենասիրությունը լոկ խոսքերով չի արտահայտվում: Հայրենասիրություն նշանակում է պատկանելիության զգացողություն, հայրենի հողի պաշտպանություն: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրն ամենալավ ձևով պետք է իր ներդրումն ունենա այս ամենի մեջ՝ անկախ իր ազգային պատկանելիությունից», - ասել է Ասադը՝ շեշտելով, որ ներկայում իրենց առաջ կանգնած մարտահրավերները ոչ միայն պատերազմի ընթացքում երկրում քանդված ենթակառուցվածքների վերականգնումն է, այլ նաև սիրիական հասարակության ամբողջական վերականգնումը՝ իր ամբողջական բազմաշերտ ու գունեղ հյուսվածքով:

«Այս փուլում անհրաժեշտ է, որ սիրիական հասարակության բոլոր շերտերը համախմբվեն, որպեսզի հասարակության յուրաքանչյուր շերտ իր մեջ փակված չմնա, ընդհակառակը՝ զարգանանք համագործակցելով և զարգացնենք մեր երկիրը: Ես հավատում եմ, որ այս ամենի մեջ հայ համայնքի դերը մեծ է», - ասել է Սիրիայի առաջնորդը: