Տորոնտոյում հետիոտներին վրաերթի ենթարկած ու առնվազն 10 մարդու մահվան պատճառ դարձած վարորդն Ալեք Մինասյանն է (լուսանկարներ, տեսանյութ)
Տորոնտոյի ոստիկանությունը պարզել է նախօրեին քաղաքում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը:
Ինչպես փոխանցում է CTV հեռուստաալիքը, այդ անձը 25-ամյա Ալեք Մինասյանն է (Alek Minassian): Մինասյանի նման քայլի դրդապատճառներն առայժմ անհայտ են մնում: Նա այժմ կալանքի տակ է գտնվում։
Հիշեցնենք, որ նախօրեին Կանադայի Տորոնտո քաղաքում միկրոավտոբուսը զանգվածային վրաերթի է ենթարկել հետիոտների խմբին: Հաղորդվում է, որ վրաերթից մահացել է առնվազն 10 մարդ, տուժել՝ 15-ը: Կանադայի հասարակական անվտանգության պաշտպանության նախարար Ռալֆ Գուդեյլը միջադեպը «շատ լուրջ» է անվանել՝ միևնույն ժամանակ հրաժարվելով մեկնաբանել, թե արդյոք տեղի ունեցածը կարող է ահաբեկչություն լինել:

















