Մաքրելով հայոց հիշողության փոշին. El País-ն անդրադարձել է Իսպանիայի Ազգային արխիվներում պահվող փաստաթղթերին, որոնք բացահայտում են Հայոց ցեղասպանության փաստերը
Իսպանական հեղինակավոր El País պարբերականն անդրադարձել է երկրի Ազգային պատմական արխիվում պահվող փաստաթղթերին, որոնք փաստեր են պարունակում Հայոց ցեղասպանության մասին:
Այդ փաստաթղթերն իրենցից ներկայացնում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Իսպանիայի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների նամակագրությունը, որոնցում նկարագրվում են թուրքերի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունները:
Ինչպես պարբերականը նշում է, փաստաթղթերը ներառում են կոդավորված հեռագրեր, ձեռագրեր, վիճակագրություններ, մամլո հաղորդագրություններ և քարտեզներ, որոնք ուղարկվել են Մադրիդ: Փաստաթղթերում ներկայացված են նաև Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Խուլիան Մարիա դել Առոյոյի և Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոս Անտոնիո դե լա Սիերվա ի Լովիտայի անձնական վկայությունները:
«103 տարի առաջ երիտթուրքերը հրահանգեցին սպանել Կոստանդնուպոլսի ողջ հայ մտավորականությանը: Զինաթափեցին տղամարդկանց, նրանց տարան քաղաքի ծայրամասեր և գնդակահարեցին: Մյուսներին կախեցին հանրության առաջ», - ասվում է պարբերականի հոդվածում, որի հեղինակն է քաղաքագետ, Գրանադայի համալսարանի դոկտոր և Բելմոնտի (ԱՄՆ) Հայկական գիտությունների և հետազոտության ազգային ասոցիացիայի անդամ Իվան Գաստանյագա Գոնսալեսը:
Խուլիան դել Առոյոն գաղտնի հեռագրերից մեկում ափսոսանք էր հայտնում «Ժամանակավոր օրենքի» հետևանքների համար, որը հենց նոր էր կազմվել և ուղղված էր հայերի դեմ: «Այն սարսափեցնում է թշվառ շահառուներին, որոնք ենթադրում են, թե ինչ բռնություններ են նախատեսվում այդ օրենքի հիման վրա»:
«Կիլիկիայի, Վանի և Ադանայի հայերը, որոնք փրկվեցին սարսափից, փախան Ամման, Բեյրութ, Հայֆա, Երուսաղեմ և Եվրոպա: Նրանք վերածվեցին փախստականների: Սակայն Հալեպ, Ռաքքա, Դամասկոս և Դեր Զոր քաղաքները վերածվեցին հայերի ոչնչացման համակենտրոնացման ճամբարների, և մինչ օրս էլ այդ քաղաքները կրակի մեջ են գտնվում», - ասվում է հոդվածում:
Դել Առոյոյի վկայություններում ասվում է. «Երիտթուրքերը հայտարարում են, որ իրենք բավական են ապրելու համար և պետք է ոչնչացնել բոլոր օտարերկրացիներին, ինչպես և վերջ տվեցին հայերին և հույներին»:
Կա ուշագրավ արխիվ, որը ներկայացնում է Իսպանիայի և Կոստանդնուպոլսի միջև նամակագրությունը, որը վերաբերում էր երաժիշտ Կոմիտաս վարդապետի դիվանագիտական պաշտպանությանն ու նրա ապահով տեղափոխմանը Վիեննա: Թուրքիայից Իսպանիա ուղարկված առաջին խնդրագրում ասվում է. «հայերի կոտորածների սկզբում Կոմիտասը հայտնվել Փոքր Ասիայում, սակայն Ամերիկայի դեսպանատան ջանքերի շնորհիվ նա վերադարձավ այս մայրաքաղաք»:
Երեք շաբաթ անց Դել Առոյոն տեղեկանում է, որ Թալեաթը որոշել է Կոմիտասին պահել թուրքական սահմանների ներսում հայտնի երաժիշտ լինելու պատճառով:
Իսպանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև դա արել են Բալերայան կղզիների, Կատալոնիայի, Նավառոյի և Բասկյան երկրի խորհրդարանները:










