ANCA-ն պատասխանել է Թրամփի՝ առանց «ցեղասպանություն» եզրույթի հիշատակման ապրիլքսանչորսյան ուղերձին
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համպարյանը պատասխանել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլքսանչորսյան ուղերձի շրջանակում «ցեղասպանություն» եզրույթը չկիրառելուն ու «Մեծ Եղեռն» արտահայտությամբ սահմանափակվելուն:
Ինչպես նշում է Asbarez-ը, Համպարյանը նկատել է, որ Թրամփն առաջնորդվել է «առաջինը Թուրքիան» մոտեցմամբ:
«Իր ամենամյա ապրիլքսանչորսյան հայտարարությունում նախագահը ևս մեկ անգամ աջակցեց Անկարայի հանցավոր ռեժիմին ու արդարացիորեն չդատապարտեց Հայոց ցեղասպանության փաստը»,-նշել է ANCA-ի ղեկավարը:
Համպարյանն ընդգծել է, որ Թրամփը, տեղի տալով թուրքական ճնշմանը, մեկուսացնում է ԱՄՆ-ին միջազգային հանրությունը ներկայացնող այն երկրներից, որոնք որպես պատմական փաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Համպարյանը հաստատել է, որ ANCA-ն կշարունակի ուժերի ներածին չափով աշխատել Ցեղասպանության ճանաչման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել ապրիլքսանչորսյան ուղերձով, որում մասնավորապես նշել էր. «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ 1.5 մլն հայ արտաքսվել և կոտորվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք հիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձությունները և ցավում կորցված կյանքերի և տառապածների համար:
Այս պահին ցանկանում ենք հիշատակել այն մարդկանց, ովքեր ձգտել են վերջ դնել բռնությանը և նրանց, ովքեր աջակցել են փրկվածներին և համայնքներ վերակառուցել, այդ թվում և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ դնել բռնությանը, ավելի ուշ հայերին օգնելու համար նվիրատվություններ էր կազմակերպում: Խորին հարգանքով ընդգծում ենք հայ ժողովրդի տոկունությունը, որոնցից շատերը նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անթիվ ներդրումներ են կատարել մեր երկրում:
Ոգեկոչելով տառապյալների հիշատակը՝ մեր հանձնառությունն ենք հայտնում՝ վստահեցնելու, որ նման վայրագություններ այլևս չկրկնվեն: Մենք կարևորում ենք անցյալի ցավալի տարրերի ճանաչումն ու ընդունումը որպես անհրաժեշտ քայլ դեպի առավել հանդուրժող ապագա ստեղծելը:
Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին ողջ աշխարհում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածներին, և պարտավորվում ենք միասին աշխատել ավելի լավ ապագա կառուցելու համար»:










