Պետդուման դեռևս մտադիր չէ հայտարարություն ընդունել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ

16:26 • 25.04.18

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն անհրաժեշտություն չի տեսնում Պետդումայի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի առնչությամբ հայտարարություն ընդունելու հարցում, ինչպես նաև կարծում է, որ այլ երկրների քաղաքական գործիչները նույնպես չարժե, որ միջամտեն իրավիճակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք այժմ պետք է հայտարարություն անենք, որ ամեն ինչ պետք է լինի սահմանադրական դաշտու՞մ: Լրացուցիչ ասել այն, ինչ պարզ է, ոչ մի իմաստ չկա»,- հայտարարել է Կալաշնիկովը:

Նա նաև հայտնել է, որ անհրաժեշտություն չկա, որ պատգամավորներն այցելեն Հայաստան:

«Իհարկե, ես խորհուրդ չէի տա, որ այժմ այլ պետության քաղաքական գործիչներ միջամտեն… Տվյալ իրավիճակում մեր հանձնաժողովի միջամտությունն ինձ թվում է ավելի շուտ կվնասի, քան կօգնի»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հայտարարել է, որ Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանի իրավիճակին և հուսով են, որ կողմերը հնարավորինս շուտ կկարողանան հասնել համաձայնության: 

«Ես այլևս ասվածին ավելացնելու բան չունեմ: Մենք շարունակում ենք կարծել, որ դա ներքին գործ է, և հուսով ենք, որ մեր հայ ընկերները կկարողանան արդեն մոտակա ժամանակներում կարգավորել այդ իրավիճակը և հասնել կոնսենսուսային որոշման: Մենք շատ ուշադիր շարունակում ենք հետևել այդ իրավիճակին»,-ասել է Պեսկովը:

Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլում Հայաստանում ներքաղաքաքական կայունության պահպանման և հայ ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի համաձայնության հույս ունեն, ինչպես նաև հույս ունեն, որ մոտ ապագայում պարզ կդառնա այդ երկրում քաղաքական ուժերի բաշխումը: