«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները միանում են համաժողովրդական շարժմանը
ՀՀԿ–ն կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը անընդունելի է. այդ մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ժողովրդի հաղթանակը` ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը միայն կարող է այն կապիտալիզացնել: Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»։
Շարժմանը միանալու մասին հաղորդագրություն է տարածել նաև «Հանրապետություն» կուսակցությունը։
«Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։










