ԵՄ-ն Թուրքիային հավելյալ 3 մլրդ եվրո կհատկացնի փախստականներին օգնելու համար

12:36 • 25.04.18

Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար առաջիկա երկու տարիներին Թուրքիային կհատկացնի լրացուցիչ 3 միլիարդ եվրո: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Բրյուսելում Սիրիայի վերաբերյալ երկրորդ դոնորական համաժողովին, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք Թուրքիային կհատկացնենք լրացուցիչ 3 միլիարդ եվրո առաջիկա երկու տարիների համար»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովը մարտի կեսին առաջարկել էր նոր տրանշ հատկացնել Թուրքիայում փախստականների համար Եվրամիության հիմնադրամին: Երեք միլիարդ եվրոյի առաջին տրանշը հավաքվել էր 2016-2017 թվականներին, այն բաղկացած է եղել Եվրամիության բյուջեից տրամադրված 1 միլիարդ եվրոյից և ԵՄ երկրների տրամադրած 2 միլիարդ եվրոյից: