ՊՊԾ գնդի գործով նիստը չկայացավ. ներկա էին դատավորն ու 2 փաստաբան

11:45 • 25.04.18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է  ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատաքննությունը՝ դատավոր Մակյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստը չկայացավ։ Դատական նիստին ներկա էին պաշտպաններ Արմինե Ֆանյանն ու Արայիկ Պապիկյանը և դատավոր Մակյանը։ Մեղադրող կողմը նույնպես չէր ներկայացել։ Դատավորը հայտնեց, որ նրանցից գրություն է ստացվել, որ զբաղվածության պատճառով չեն կարող ներկայանալ դատական նիստին։

Ինչ վերաբերում է ամբաստանյալների չներկայացվելուն, ապա դատավորն ասաց. «Գրություն է ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ նրանց դատարան ներկայացնելու համար, սակայն դատարանը որևէ պատասխան չի ստացել»։

Դատավարության կողմերի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց։