Ռուսաստանը Սիրիային ՀՕՊ նոր միջոցներ կմատակարարի
Ռուսաստանը մոտ ժամանակները Սիրիային հակաօդային պաշտպանության նոր միջոցներ կմատակարարի: Այդ մասին հայտարարել է Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ղեկավար գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուս մասնագետները կշարունակեն սիրիացի զինծառայողների վերապատրաստումը, ինչպես նաև կօգնեն ՀՕՊ միջոցների նոր նմուշների յուրացման հարցում, որոնց մատակարարումները կիրականացվեն մոտ ժամանակները»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Սիրիայի պաշտպանության նախարարությունը «մանրամասն ուսումնասիրել է» լույս ապրիլի 14-ի գիշերն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային հարվածը ետ մղելու արդյունքները:
«Դրա հիման վրա արդեն մի շարք փոփոխություններ են իրականացվել երկրի հակաօդային պաշտպանության համակարգում, ինչն էլ ավելի կմեծացնի դրա հուսալիությունը»,- նշել է Ռուդսկին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ին հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական կառավարական օբյեկտների ուղղությամբ, որոնք, նրանց կարծիքով, օգտագործվում են քիմիական զենքի արտադրության համար: Արձակվել է 105 հրթիռ, որից 83-ը կործանվել է սիրիական ՀՕՊ-ի կողմից: Հարվածների հետևանքով ոչ մեկ չի զոհվել, ավերածությունները նույնպես մեծ չեն եղել:










