Բիզնեսի մարդուն, հարկատուներին, ներդրողներին դժվար է հասկանալ, թե ինչ է սպասում հետագայում. Ա. Մարգարյան
Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է և հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնին, ինչն անթաքույց հայտարարում է, բնականաբար, նա պետք է պատրաստ լինի երկրի կեսագործունեության ոլորտների, այդ թվում տնտեսության ոլորտի կառավարմանը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Նա, անդրադառնալով Փաշինյանի՝ տնտեսության զարգացման ծրագրին, նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ է, իսկ անձամբ դեռևս տնտեսական մասով միայն փոքրիկ հայտարարություններ է արել:
«Կարող ենք անդրադառնալ տնտեսական մասով արված հայտարարություններին որոնք հարուստ չեն: Ասել, որ այս պահին նա ծրագիր է ներկայացրել, սխալ կլինի: Բայց «Ելք» դաշինքն ունի նախընտրական ծրագիր և որոշակի դրույթեր կան, օրինակ՝ գազի, էլէներգիայի գների 10-15 տոկոս իջեցման մասին, առևտրի ոլորտի կարգավորման, ստվերը կրճատելու, մենաշնորհները զսպելու և այլնի մասին: Սրանք կոնցեպտուալ որոշումներ են, որոնք արձանագրված են զուտ քաղաքական հատվածում: Ծրագրի տեսքով ես հույս ունեմ, որ կներկայացնի առաջին օրերին, երբ որպես «Ելք»-ի՝ վարչապետի թեկնածու իր ծրագիրը կներկայացնի ԱԺ-ին»,- ասաց նա:
Մարգարյանի խոսքով՝ ընդդիմության առաջնորդը դեռևս տնտեսական համապարփակ, երկարաժամկետ ծրագիր չի ներկայացրել, որը կարող է ազդակ լինել բոլորին՝ քաղաքացիներին, հարկատուներին, միջազգային դոնորներին, ինչն, ըստ Մարգարյանի, շատ կարևոր է ներկայացնել: Սակայն Մարգարյանի համար կարևոր է, որ բիզնեսը տարանջատվի իշխանությունից:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, թե վենդետա ու կուլակաթափություն չի լինի, Ատոմ Մարգարյանն ասաց. «Բիզնեսը պետք է շահույթով կարողանա իր բարեկեցությունը կառուցել, այլ ոչ թե քաղաքական դիրքավորում ունենալով, իշխանության մաս լինելով, խոշոր գործարար ու պատգամավոր լինելով, սա պետք է բացառվի: Բնականաբար նրանք, ովքեր որոշակիորեն անօրինական ճանապարհով են դիզել հարստությունը, այս կամ այն ձևով պետք է վերդարձնեն միջոցները, որոնք գողացել են: Խոսքը տարբեր մոդելների մասին է, սրա համար եմ ասում, որ իրենց նախընտրած մոդելի մասին հայտարարություն անեն», -նշեց Ատոմ Մարգարյանը:
Տնտեսագետի համար նախըտրելի կլինի կապիտալի հարկային համաներումը՝ դրանից բխող հետևանքներով: Նա կարծում է, որ պետք է որոշակի ժամկետ տրամադրել մարդկանց, որպեսզի վերդարձնեն չվճարված հարկերը:
«Բայց նման հայտարություններ մենք առայժմ չենք տեսնում, պատճառն այն է, որ իրադարձությունները սրընթաց են զարգանում, թեպետ հասկանում եմ, որ ժամանակ չկա նման հարցերի ու հարցադրումների: Բայց առաջիկա օրերին նման կոնցեպտուալ մոտեցումեր պետք է ներկայացվեն, այլապես քաղաքացուն, բիզնեսի մարդուն, հարկատուներին, ներդրողներին դժվար է հասկանալ, թե ինչ է սպասում հետագայում: Հասկանում եմ, որ անցումային կառավարություն է լինելու, ընտրություններ են սպասում, բայց դրանք տնտեսական ռիսկերը՝ գործարքների, ներդրումների, տարբեր տեսակի դոնորների մոտ բարձրացնելու են, այնպես որ պետք է լինենք զգոն ու հավասարակշռված»,- շարունակեց տնտեսագետը:
Հարցին՝ հանրապետությունում ընթացող զանգվածային բողոքի ցույցերն ի՞նչ ազդեցություն են թողել ՀՀ տնտեսության վրա, Ատոմ Մարգարյանը պատասխանեց. «Լուրջ ազդեցություններ՝ կորուստների և վնասների տեսքով առայժմ չեմ տեսնում, բայց բացասական սպասումների մակարդակը բարձացել է: Նաև Հայաստանի արտաքին արժույթային պարտավարությունների՝ եվրոբոնդերի, եկամտաբերության վրա է ազդել՝ որոշ շրջան բարձրացավ, հետո իջավ: Միջազգային դոնորները, որոնք պատրաստ են սպասարկել մեր արտաքին պարտքը, վերցնել երկրի ատաքին արժույթային պարտատոմսերը, այս պայմաններում պատրաստ են ավելի թանկ գին պահանջել, այսինքն՝ 5-5.5 տոկոսից եկամտաբերության բարձացավ մինչև 6-6.5 տոկոսի շրջան, սակայն հաջորդիվ մենք տեսանք որոշակի իջեցումներ: Բայց ինչ կլինի առաջիկայում, կապված է նրանից, թե որքան անցնում կլինեն ներքաղաքական գործընթացները»:










