Թրամփը փակ դռների հետևում հանդիպել է Apple-ի ղեկավարի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև սենյակում ընդունել է տեխնոլոգիական ոլորտի «հսկա»՝ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որի հետ հանդիպումն անցել է փակ դռների հետևում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահի ու միլիարդատիրոջ քննարկված թեմաները վերաբերել են առևտրային ոլորտին:
Նախօրեին Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել էր, որ ուզում է Չինաստանի հետ առևտրային անհավասարությունների թեմայով հանդիպել Կուկին, որի ընկերությունն իր ամբողջ արտադրանքը ստեղծում է Չինաստանի տարածքում:
Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Apple-ին համոզել իր արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել, որպեսզի դրանով հնարավոր լինի հարստացնել երկրի բյուջեն, նպաստել տնտեսության զարգացմանն ու տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել ամերիկացիների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը 60 մլրդ դոլարի մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներկրվող ալյումինի, պողպատի ու մի շարք այլ ապրանքների համար: Դրան ի պատասխան՝ Չինաստանի իշխանությունները ևս տասնյակ միլիարդավոր դոլարների մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների համար:










