Մակրոնը «խենթություն» է անվանել Թրամփի կողմից միջազգային պայմանագրերից դուրս գալը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, «խենթություն» է որակել ԱՄՆ-ի կողմից միջազգային պայմանագրերից դուրս գալը և կանխատեսել է, որ Թրամփը «կոչնչացնի» 2015թ. Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, գրում է Daily Mail-ը:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թրամփը հաջորդ ամիս «ներքին պատճառներով» դուրս կգա միջուկային համաձայնագրից: Բացի այդ, Մակրոնը քննադատել է ԱՄՆ-ին այն պայմանագրերից դուրս գալու համար, որոնց կարճ ժամանակ առաջ էր միացել:
«Իմ կարծիքով՝ նա դուրս կգա համաձայնագրից ներքին պատճառներով»,- Իրանի հետ միջուկային համաձայնագրի մասով ասել է Մակրոնը՝ ԱՄՆ կատարած իր եռօրյա այցի վերջում: Նա նաև հիշեցրել է, որ Իրանի հետ համաձայնագրից դուրս գալը եղել է Թրամփի նախընտրական խոստումներից մեկը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահը և Թրամփը հայտարարել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր մշակելու մտադրության մասին:
Ավելի վաղ Թրամփը պահանջել էր եվրոպացի դաշնակիցներից մինչև մայիսի 12-ը կարգավորել 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի «սարսափելի թերությունները», հակառակ դեպքում նա կհրաժարվի երկարաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման ռեժիմը:
Հիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցյակի» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության են եկել իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ՝ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:










