Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները

09:55 • 26.04.18

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ու Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կհանդիպեն վաղը՝ ապրիլի 27-ին, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ պատմական հանդիպումը տեղի կունենա երկու պետությունների սահմանագծին:

Հանդիպումից հետո ղեկավարները կուղևորվեն բուն բանակցությունների անցկացման վայրը: Ենթադրվում է, որ դրանց ավարտից հետո Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը կստորագրեն համատեղ փաստաթուղթ:

Աղբյուրը հավելում է, որ բանակցությունների ժամանակ Կիմ Չեն Ընին ուղեկցելու է հարազատ քույրը՝ Կիմ Յո Չենը, որը Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության քարոզչության բաժնի ղեկավարն է:

Հատկանշական է, որ բանակցություններից հետո ղեկավարները երկու պետությունների սահմանագծին կտնկեն կաղնի, որը խորհրդանշելու է Կորեական թերակղզում խաղաղության հաստատումն ու բարգավաճումը:

Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., սակայն  Փհենյանն ու Սեուլը շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ: