Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում կհանդիպի ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ. Интерфакс

12:46 • 26.04.18

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է և մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել են դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները:

«Հայաստանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել երեկ երեկոյան: Այսօրվա համար նախատեսված են մի շարք հանդիպումներ ռուս պաշտոնատար անձանց հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ բանակցությունների կենտրոնում են լինելու Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի և ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետ կապված հարցերը:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան նույնպես մեկնել է Մոսկվա՝ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով: 

Բացի այդ ապրիլի 25-ի երեկոյան տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հեռախոսազրույցը: