Նիկոլ Փաշինյանը պատմել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպման մասին

11:57 • 26.04.18

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր, Հայաստանի ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը РБК-ի հետ զրույցում պատմել է ՌԴ դեսպանի հետ հանդիպման մանրամասները:

Ըստ այդմ՝ Ռուսաստանը խոստացել է չմիջամտել Հայաստանի քաղաքական ճգնաժամին, իսկ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է հակառուսական տրամադրությունների բացակայության մասին:

Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպումը կայացել է ապրիլի 25-ին: Փաշինյանը հստակեցրել է, որ ինքն է նախաձեռնել այդ հանդիպումը:

Նա մանրամասնել է, որ Ռուսաստանը խոստացել է չմիջամտել Հայաստանի իրադարձություններին: Բացի այդ, Փաշինյանը վստահեցրել է ռուս դեսպանին, որ իր շարժման մեջ «հակառուսական տրամադրությունների ոչ մի կաթիլ»: Նրա խոսքերով՝ գլխավոր թեման եղել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը:

«Մենք շատ հարցեր ենք քննարկել, և ամենագլխավորն իհարկե մեր իրավիճակն է և դրա հետագա զարգացումը: Մենք քննարկել ենք, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասկանալ իրավիճակը և ինչպես Ռուսաստանը կարող է նպաստել այդ իրավիճակի հանգուցալուծմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք մտավախություններ չկան, որ հաշվի առնելով ուկրաինական փորձը, երկար քաղաքական ճգնաժամի դեպքում Ռուսաստանը կարող է միջամտել՝ Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան է տվել:

«Ես չեմ ցանկանում հաշվի առնել ուկրաինական փորձը, որովհետև դա բոլորովին այլ պատմություն է: Ես ցանկանում եմ հստակ փաստել, և այդ մասին է խոսքը եղել դեսպանի հետ հանդիպման ժամանակ, որ այդ շարժումը չունի ընդհանրապես ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ»,- հայտարարել է նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում բողոքի ցույցերը «շարժում չեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Եվրամիության, ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի դեմ»:

«Դա շարժում է կոռուպցիայի դեմ, դա շարժում է անարդյունավետ կառավարման դեմ, և դա զուտ ներհայաստանյան շարժում է: Եվ ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչները նշում են, որ մտադիր չեն միջամտել Հայաստանի ներքին գործերին: Առավելևս, որ այստեղ չկա ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ և ընդհանրապես չկա ոչ մի հակառուսական տրամադրություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերում է որպես երկրի ներքին գործ:

Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ ռուս դեսպանի հետ զրույցի ընթացքում նաև քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, բայց «ոչ շատ մանրամասն»:

Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ ռուս դիվանագետների հանդիպման մասին հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանատնից: Դիվանագետները հայտարարել են, որ հանրահավաքների կազմակերպիչներին «գործող իշխանությունների և այլ քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության» կոչ են արել, և նշել են, որ իրավիճակը պետք է լուծել «սահմանադրական դաշտում և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերից ելնելով»: