ԵԽԽՎ-ում կոռուպցիայի առկայության մասին փաստող բանաձև են ընդունել
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ կառույցում կոռուպցիայի առկայության մասին անկախ խմբի զեկույցի վերաբերյալ բանաձև է ընդունել, որտեղ ճանաչել է ԵԽԽՎ-ում այդ խնդրի գոյությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանաձևի օգտին քվեարկել է հարյուր քսաներեք պատգամավոր, դեմ՝ ինը, ևս տասը ձեռնպահ է մնացել:
«Չնայած հետաքննության խումբը չի կարող ապացույցներ ներկայացնել Վեհաժողովի շրջանակներում համակարգված ցանցի առկայության մասին, սակայն ԵԽԽՎ որոշ ներկա և նախկին անդամների թույլ տված խախտումները վկայում են կոռուպցիոն պրակտիկայի գոյության ապացույցների մասին»,-ասված է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևին ուղեկցող տեքստում:
Վեհաժողովն այդ առնչությամբ ափսոսանք է հայտնել և առաջարկել է համաատասխան միջոցներ ձեռնարկել:
ԵԽԽՎ-ն առաջարկել է մտածել առկա թերությունները վերացնելու շուրջ խորհուրդների մասին և նշել է, որ խմբի զեկույցի եզրակացությունները «պահանջում են լուրջ քայլեր ձեռնարկել»:
Կոռուպցիայի հետաքննության խումբն ապրիլի 22-ին զեկույց է ներկայացրել, որտեղ հաստատել է Ադրբեջանի լոբբիստական գործունեության վերաբերյալ կասկածները և հրապարակել է պատգամավորների անունները, որոնք խախտել են խորհրդարանականների վարքագծի կանոնները:
ԵԽԽՎ-ի զեկույցում նշվել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ քննչական խումբը հաստատել է ԵԽԽՎ փաստաթղթերի պատրաստման և որոշումների կայացման վրա համակարգային արտաքին ազդեցությունը, ինչպես նաև առանձին պատգամավորների գործունեության՝ էթիկական չափանիշներին չհամապատասխանելը: Նշվում է, որ «խումբը նաև պարզել է, որ լուրջ կասկածներ կան ԵԽԽՎ որոշ ներկա և նախկին անդամների առնչությամբ, որ նրանք Ադրբեջանի օգտին կոռուպցիոն բնույթի գործունեություն են վարել»:










