Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժած 1-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

12:35 • 26.04.18

Սարալանջի փողոցում ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից տուժած 1-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցվում է, որ ապրիլի լույս 24-ի գիշերը Երևանի Սարալանջի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել։ Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղևորները, որոնք ամուսիններ են, և նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Այսօր՝ ապրիլի 26-ին, 1-ամյա Յուրին հիվանդանոցում մահացել է։ 

Պատահարի հանգամանքները նախապես պարզվել են ճանապարհային ոստիկանությունում։ Պարզվել է, որ «Մերսեդեսին» հետևից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։ «Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։ Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, մեքենայով ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։ 

Նախապատրաստված նյութերը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։