Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացվեցին (տեսանյութեր, լուսանկարներ)

11:42 • 26.04.18

14:59

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին որոշումներից մեկը լինելու է քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Այս մասին լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե   քաղբանտարկյալների ազատ արձակման ինչ լուծումներ ունի:

«Ժամ առաջ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները, այդտեղ 2 կարծիք լինել չի կարող: Երբ այս լիազորությունները հասանելի լինեն (նկատի ունի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո-խմբ.) ուղղակի, ես  պիտի խնդրեմ, որ ևս մի քանի օր համբերատար լինեն, որ այդ հարցերը լուծեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տալով հարցին, թե արդյոք դա լինելու է վարչապետի պաշտոնում իր առաջին որոշումներից մեկը:

Այսօր Նիկոլ Փաշինյանը քաղաքական հարցերի չպատասխանեց՝ ասելով,  որ ընթացիկ բանակցությունների մասին կխոսի հանրահավաքին: Նաև ասաց, որ մայիսի 1-ին ընդառաջ պետք է անի վերջին խորհրդակցությունները:

Նա այս ընթացքում քայլում էր «Սև հովազ» կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ: 



14:44

Ապրիլյան պատերազմի մասնակիցները «Զինվոր ես դու» երգով ու «Փառք մեր հայոց բանակին» վանկարկումներով միացան երթին և կենդանի պատ կազմեցին ոստիկանների ու ցուցարարների միջև:

Հարցին, թե որպես Ապրիլյան պատերազմի մասնակից` իրենց պահանջը որն է, Հայկ Թորոսյանն ասաց՝ «Խաղաղ լինի երկիրը, և մենք ապրենք երջանիկ, իրար հետ սիրով լինենք, որ հայը հայի միս չուտի: Հիմա այս տան օրը բոլորն իրար նկատմամբ սիրով են լցված»:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Ապրիլյան քառօրյայի մասնակից տղաների՝ շարժմանը միանալու մասին ասել էր, որ նրանցից ոչ բոլորն էին մասնակցել պատերազմին:

Նախարարի այն հայտարարությանը, թե պատերազմի մասնակից ներկայացող տղան միայն մարտական հերթապահություն է իրականացրել և առաջնագծում չի եղել,  վերաբերում էր Մանուել Գասպարյանին, որը, ի պատասխան այդ հայտարարությանը, ասաց. «Այդ առաջնագծում լինելը շատ պրիմիտիվ է ներկայացվել, որովհետև ինձ հետ եղել են մարտական ընկերներ, ունեմ հրամանատարներ, բոլորը եղել են ինձ հետ առաջնագծում: Այն, որ ասել էր՝ Ապիլյանի մասնակից չէ, պատճառն այն է, որ իրենք այդ մասին զինգրքույկում  չեն գրել, բայց այսօր բոլորը գիտեն, որ դա շատ սխալ է և պատմության կեղծման փաստ» :

Նա ասաց նաև, որ եղել է դասակի հրամանատարի պաշտոնակատար:

 

13:52

Բողոքի ցույց իրականացնող ուսանողներն այս պահին կանգ են առել «Ազատության» հրապարակում: Նրանք այստեղ նախաձեռնել են քննարկում բուհերի ապաքաղաքականացման և ընդհանրապես կրթական այլ կարևոր խնդիրների շուրջ:

Ուսանողները ամբիոնից հայտարարեցին, որ պետք է հետևեն օրինազանցություններին և պայքարեն դրանց դեմ: «Պետք է պայքարենք, որ նոր ՀՀԿ-ներ չծնվեն: Վաղը մյուս օր այլ կուսակցություններ կծնվեն, մենք պետք է պայքարենք, որ այդպիսի կուսակցություններ ի հայտ չգան,- ասաց նա՝ շարունակելով, որ պետք է պայքարեն, որ ստեղծեն օրինապահ, օրինապաշտ երկիր,- դա պետք է սկսենք մեզնից»:

Դավիթ Պետրոսյանն էլ նշեց, որ կարևոր գործողություն են իրականացրել՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, բայց բոլոր վատ երևույթները դեռ չեն վերացել: Նա մատնանշեց, որ Գյումրիում, օրինակ, համալսարանի ռեկտորը սպառնացել է ուսանողներին դասադուլին մասնակցելու համար, հիշատակեց, որ Երևանի պետական համալսարանում երկար ժամանակ խոսքի իրավունքը խախտվել է:

«Չարության դեմ մենք չարությամբ չենք պատասխանում, մենք չարությանը պատասխանում ենք օրինապահությամբ և բարությամբ»,- ասաց նա:

Դավիթ Պետրոսյանը նաև նշեց, որ համալսարանները քաղաքականացված են, իրենք հիմա պետք է ամեն այնպես, որ կուսակցական մարդ չլինի ուսումնական հաստատությունների ղեկավար կազմում:

«Ուսխորհուրդներում չպետք է լինեն կուսակցական մարդիկ»,- ասաց նա: Նշեց, որ խմբերի պետք է բաժանվեն այդտեղ հավաքված ուսանողները և հասկանան, ինչպես կարող են փոփոխություններ բերել կրթական համակարգում: 



13:29

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ցուցարարներն այս պահին քայլում են Կասյան փողոցով:





13:24

Հայաստանում ընթացող բողոքի ցույցերին միացել է աշխարհահռչակ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա ցուցարարների հետ այս պահին քայլում է Իսակովի պողոտայով և ծաղիկներ բաժանում անցորդներին:



13:02

Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում քաղաքական հարցերի մասին չցանկացավ խոսել, ասաց, որ հիմա իրենց ակտիվիստները հետևում են, որ քաղաքում ճանապարհներ չփակվեն, մեքենաների երթ լինի, որպեսզի նկատեն առանց պետհամարանիշների մեքենաները և ցուցեն, որ անմիջապես  դրանց պետհամարանիշները ամրացվեն:

12:41

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նիկոլ Փաշինյանը փոխոստիկապետի հետ զրույցում հավաստեց, որ այսօր որևէ փողոց չեն փակելու:



12:25 

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հորդորեց  խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

«Ճռիկ-վռիկ անողներն են եղել հեղափոխության պատճառը, որովհետև մարդիկ զզվում են այդ վիճակից: Մենք հո չենք եկել ասելու, որ այս հեղափոխությունը անիշխանություն է  բերելու, այլևս  այս հեղափոխությունը օրինականություն է բերելու»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր՝ ժամը յոթին, հանրահավաքն ուժի մեջ է, և այսօր շատ կարևոր խոսակցություն պետք է լինի: «Որոշ ուժեր փորձում են հակահեղափոխություն անել»,- ասաց նա:

Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին կոչ արեցին չհամագործակցել ոչ մի քաղաքական ուժի հետ: «Մենակով սկսել ես, մենակով էլ ավարտի»,- նշում էին նրանք:





12:12

Երևանի պետական համալսարանի  մոտից բողոքի ակցիան սկսած և Բժշկական համալսարանի մոտ հասած ուսանողների հետ բանակցեցին ոստիկանները, որպեսզի ուսանողները ճանապարհը գոնե մի մասով բաց պահեն: Ցույցն առաջնորդող Դավիթ Պետրոսյանը գնաց՝ առաջարկը քննարկելու ուսանողների հետ:

Դավիթ Պետրոսյանը քննարկումից հետո հայտարարեց, որ երթևեկության համար մի հատվածը բացվում է: Հայտարարեց, որ բոլոր ճանապարհները կբացեն ժամը 12:00-ին:

11:49

Այս պահին բողոքի երթ են սկսել նաև ուսանողները՝ «Ազատ, անկախ ուսանող» կոչերով: Երթը սկսվել է Բժշկական համալսարանի մոտից:


11:47

Այս պահին Նիկոլ Փաշինյանը դեռ ակցիայի վայր չի եկել, ցուցարարներն արդեն փակել են Կոմիտասի պողոտան:







-----------------------------

Ցուցարարները Երևանի «Լամբադա» կամրջի մոտից սկսում են իրենց այսօրվա գործողությունները:

Բազմաթիվ մարդիկ արդեն հավաքվել են կամրջի մոտ:

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները սկսվում են ժամը 12-ից: